Հայաստանի ազգային հավաքականի, Մոսկվայի «Սպարտակի» և «Կրասնոդարի» նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը կիսվել է Ռուսաստանի Գավաթի եզրափակչի վերաբերյալ իր սպասելիքներով։
Վճռորոշ խաղում, որը կկայանա մայիսի 24-ին Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում, տիտղոսի համար կպայքարեն հայ հարձակվողի նախկին թիմերը։
«Ես հավասարապես սիրում եմ երկու ակումբներն էլ և երկուսին էլ հաջողություն եմ մաղթում։ Գիտեմ, որ «Կրասնոդարը» պարտվել է նախորդ եզրափակչում, բայց այս անգամ պարզապես ցանկանում եմ գեղեցիկ ֆուտբոլ վայելել և տեսնել ուժեղագույնի հաղթանակը»,- Մովսիսյանի խոսքերն է մեջբերում Metaratings.ru-ն։
Նշենք, որ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում «Կրասնոդարն» այժմ զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը, իսկ «Սպարտակը»՝ չորրորդ: Առաջնության ավարտից մեկ տուր առաջ երկու թիմերն էլ պահպանում են մրցաշարային աղյուսակում իրենց դիրքերը ևս մեկ աստիճանով բարելավելու տեսական հնարավորությունները։
Ավելի վաղ Յուրա Մովսիսյանն անդրադարձել էր նաև այն հարցին, թե որ թիմն էր առավել արժանի նվաճելու ՌՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանի չեմպիոնական տիտղոսը։





















































