Եվրոպական մի շարք բարձրակարգ ակումբներ սպասում են Մադրիդի «Ռեալից» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեի հնարավոր հեռանալուն, ինչի պատճառը թիմակից Օրելյեն Չուամենիի հետ վերջերս տեղի ունեցած ծեծկռտուքն է:
Իսպանական AS պարբերականի հաղորդմամբ՝ 27-ամյա ֆուտբոլիստի հնարավոր տրանսֆերը կարող է արժենալ 100-ից 120 մլն եվրո։
Աղբյուրի տեղեկություններով՝ ուրուգվայցու ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթին»։ Անգլիական ակումբը խաղացողի շուրջ ստեղծված իրավիճակին հետևում է դեռ 2025 թվականի ամառվանից: Միևնույն ժամանակ ընդգծվում է, որ անձամբ Վալվերդեն ամենևին չի ցանկանում լքել «արքայական ակումբը»։
Ընթացիկ մրցաշրջանում Վալվերդեն բոլոր մրցաշարերում մասնակցել է 48 հանդիպման՝ դառնալով 9 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառ: Transfermarkt պորտալի գնահատմամբ՝ կիսապաշտպանի շուկայական արժեքը կազմում է 120 մլն եվրո։





















































