Ներկա պահին Մադրիդի «Ռեալի» և թիմի հարձակվող Վինիսիուս Ժունիորի միջև պայմանագրի երկարաձգման նախադրյալներ չկան: Բրազիլացու գործող համաձայնագրի ժամկետն ավարտվում է 2027 թվականի ամռանը։ Այս մասին հայտնում է The Athletic-ը։
Ըստ աղբյուրի՝ «սերուցքայինները» ֆուտբոլիստին առաջարկել են տարեկան 20 մլն եվրո աշխատավարձ (հարկերը վճարելուց հետո), սակայն հարձակվողի գործակալները պահանջել են փոքր-ինչ պակաս, քան 30 մլն եվրո։ Ներկայումս Վինիսիուսի տարեկան աշխատավարձը կազմում է 17 մլն եվրո։
Ընդգծվում է, որ պահանջվող 30 միլիոն եվրոյի մեջ մտնում են հիմնական աշխատավարձը, արդյունավետության բոնուսները և պայմանագիրը վերակնքելու հավելավճարը։ Նախկինում մադրիդյան ակումբը նման պայմաններ չի առաջարկել այլ ֆուտբոլիստների։
Նշվում է նաև, որ 2025 թվականի ամռանից ի վեր Վինիսիուսի նոր աշխատանքային պայմանագրի շուրջ բանակցություններում որևէ էական առաջընթաց չի գրանցվել։
























































