Շաբաթ՝ ապրիլի 4-ին, Լա Լիգայի 30-րդ տուրի կենտրոնական խաղում «Բարսելոնան» 2-1 հաշվով առավելության հասավ Մադրիդի «Ատլետիկոյի» նկատմամբ։ Հանդիպման ընթացքում «կապտանռնագույնների» պաշտպան Ռոնալդ Արաուխոն և կիսապաշտպան Մարկ Բերնալը վնասվածքների պատճառով ստիպված եղան լքել խաղադաշտը։
Կատալոնացիների մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Արաուխոյի մոտ ախտորոշվել է ձախ ազդրի մկանային թեթև վնասվածք։ Ընդհանուր առմամբ, ուրուգվայցի ֆուտբոլիստի առողջական վիճակը մտահոգիչ չէ, և նա պատրաստ կլինի Չեմպիոնների լիգայի շրջանակում «Ատլետիկոյի» դեմ առաջիկա խաղին։
Ինչ վերաբերում է Բերնալին, ապա նա ստացել է ձախ կոճի ոլորում։ Կատալոնական ակումբն առայժմ չի նշում վերականգնման հստակ ժամկետներ. ամեն ինչ կախված կլինի ֆուտբոլիստի ապաքինման ընթացքից։
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի «Բարսելոնա» – «Ատլետիկո» առաջին հանդիպումը կկայանա ապրիլի 8-ին։ Խաղի մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով՝ 23:00-ին։


























































