Զագրեբի «Դինամոն» կապ է հաստատել «Միլանի» 40-ամյա կիսապաշտպան Լուկա Մոդրիչի ներկայացուցիչների հետ՝ խորվաթ ֆուտբոլիստի հնարավոր վերադարձը հարազատ ակումբ քննարկելու նպատակով: Այս մասին հաղորդում է The Touchline-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ չնայած տարիքին, Մոդրիչը նախկինի պես ցանկանում է ելույթները շարունակել ամենաբարձր մակարդակով։ Միևնույն ժամանակ, «Միլանի» ղեկավարությունն ակտիվորեն աշխատում է փորձառու կիսապաշտպանի հետ նոր պայմանագրի կնքման ուղղությամբ։ Սպասվում է, որ համաձայնագրի երկարաձգման մասին պաշտոնական հայտարարությունը կարող է արվել արդեն հաջորդ ամիս:
Հիշեցնենք, որ Լուկա Մոդրիչը Զագրեբի «Դինամոյի» սան է: Թիմի գլխավոր կազմում նա անցկացրել է 118 հանդիպում՝ դառնալով 32 գոլի և 21 արդյունավետ փոխանցման հեղինակ:
Խորվաթ ֆուտբոլիստն իտալական ակումբի գույները պաշտպանում է նախորդ ամռանից: Այս ընթացքում նա «ռոսոներիի» կազմում մասնակցել է 32 խաղի, խփել է երկու գոլ և կատարել երեք գոլային փոխանցում։




























































