MLS-ի կանոնավոր առաջնության 5-րդ տուրի շրջանակում կայացավ «Նյու Յորք Սիթի» — «Ինտեր Մայամի» հանդիպումը։ Նյու Յորքի «Յանկի» մարզադաշտում կայացած գոլառատ խաղն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 3-2 հաշվով։
Հանդիպումը մեկնարկեց բավականին ակտիվ. արդեն 4-րդ րոպեին «Ինտեր Մայամիի» պաշտպան Գոնսալո Լուխանը բացեց խաղի հաշիվը։ Սակայն դաշտի տերերին հաջողվեց արագ արձագանքել բաց թողած գնդակին, և 17-րդ րոպեին կիսապաշտպան Նիկոլաս Ֆերնանդեսը վերականգնեց հավասարությունը։
Երկրորդ խաղակեսն ավելի լարված ընթացք ստացավ: 59-րդ րոպեին «Նյու Յորք Սիթիի» խաղացող Ագուստին Օխեդան առաջ մղեց իր թիմին։ Այնուամենայնիվ, հյուրերի պատասխանը չուշացավ. ընդամենը երկու րոպե անց ֆլորիդյան ակումբի ավագ Լիոնել Մեսսին դարձավ գոլի հեղինակ՝ կրկին հավասարեցնելով հաշիվը։ Հանդիպման հաղթական վերջակետը 74-րդ րոպեին դրեց հյուրերի ֆուտբոլիստ Միկաել դոս Սանտոս Սիլվան՝ հաղթանակ պարգևելով «Ինտեր Մայամիին»:
Կայացած 5 հանդիպումներից հետո «Ինտեր Մայամին» վաստակած 10 միավորով զբաղեցնում է MLS-ի Արևելյան կոնֆերենցիայի մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը։


























































