Մադրիդի «Ռեալի» նախկին եզրային հարձակվող Էդեն Ազարը կիսվել է Լիոնել Մեսիի և Կրիշտիանու Ռոնալդուի մասին իր կարծիքով՝ կատարելով իր ընտրությունը ֆուտբոլային այս հավերժական հակադրության մեջ։
«Ես միշտ ընտրել եմ Մեսիին, քանի որ այն ֆուտբոլը, որը նա մարմնավորում է, հենց իմ սիրած ֆուտբոլն է։ Ես կարող էի տալ Կրիշտիանուի անունը, քանի որ երկրպագում եմ «Ռեալին», սակայն Կրիշտիանուն ավելի շուտ մեծագույն ռմբարկու է, անհավանական մարզիկ, մինչդեռ Մեսիի ֆուտբոլն ավելի է համապատասխանում իմ ճաշակին։ Նրա դեմ խաղալիս ինչ-որ պահի պարզապես ասում ես՝ «վա՜ու»։ Մեզ բախտ է վիճակվել ծնվել մի դարաշրջանում, երբ հնարավոր էր գրեթե 20 տարի կենդանի հետևել նրա խաղին»,- բելգիացու խոսքերը մեջբերում է RTBF-ը։
Հիշեցնենք, որ Ազարն արդեն ավարտել է պրոֆեսիոնալ կարիերան, մինչդեռ Մեսին ու Ռոնալդուն շարունակում են իրենց ելույթները։




























































