Սերբիայի Զրենյանին քաղաքում շարունակվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնությունում փայլուն հանդես եկավ Հայաստանի ներկայացուցիչ Լևիկ Միքայելյանը՝ նվաճելով ոսկե մեդալ։
61 կգ քաշայինների եզրափակիչում հայ ըմբիշի մրցակիցն Ադրբեջանը ներկայացնող Ջեյհուն Ալլահվերդիևն էր։ Լարված գոտեմարտում Միքայելյանը 2-1 հաշվով կարևոր հաղթանակ է տոնել՝ իր մարզական կարիերայում արդեն երկրորդ անգամ նվաճելով Մ23 Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը:
Չեմպիոնության ճանապարհին Միքայելյանը վստահ ելույթներ է ունեցել։ Մեկնարկային փուլերում նա առավելության է հասել մոլդովացի Վասիլյե Մարկուի (4-1) և բուլղարացի Էրդալ Գալիպի (1-1) նկատմամբ, իսկ կիսաեզրափակիչում պարտության է մատնել Թուրքիայի ներկայացուցիչ Տոլգա Օզբեկին։
Նշենք, որ Հայաստանի ընտրանին Զրենյանինում այլ մեդալներ ևս ունի։ Ավելի վաղ մրցաշարի բրոնզե մեդալակիրներ էին դարձել 57 կգ քաշային Արման Հարությունյանն ու 70 կգ քաշային Դավիթ Մարգարյանը։ Մրցումային այսօրվա ընթացքում բրոնզե մեդալների համար մրցագորգ դուրս կգան նաև Կնյազ Իբոյանն ու Խաչատուր Խաչատրյանը։




























































