Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան լրագրողների հետ զրույցում անդրադարձել է թիմի հարձակվող Ռոդրիգոյին՝ ընդգծելով բրազիլացի ֆուտբոլիստի կարևորությունն ու բարձր որակները։
«Ռոդրիգոն շատ կարևոր խաղացող է մեզ համար։ Նա այդպիսին էր նաև մինչև վնասվածքները։ Նա կարող է դառնալ առանցքային և վճռորոշ ֆիգուր։ Արդեն երկար տարիներ է, ինչ նա ապացուցում է իր որակը «Ռեալում»»,- նշել է իսպանացի մասնագետը։
Արբելոան հատկապես առանձնացրել է Ռոդրիգոյի բազմակողմանիությունն ու հարձակողական մեծ ներուժը.
«Նա ունակ է խաղալ հարձակման բոլոր երեք դիրքերում, ունի լավ տեխնիկա, խաղադաշտը տեսնելու, գրոհներին միանալու և դրանք եզրափակելու, ինչպես նաև մեկը մեկի դեմ խաղալու հմտություն։ Նա շատ ունիվերսալ ֆուտբոլիստ է, որի դեմ պաշտպանվելը չափազանց բարդ է։ Ռոդրիգոն մեզ բազմաթիվ տարբերակներ է տալիս, և ես անհամբեր սպասում եմ նրա վերադարձին։ Հուսով եմ՝ նա աստիճանաբար կավելացնի իր խաղաժամանակը և կդառնա ավելի նշանակալի ֆիգուր»։
Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա խաղացողը «սերուցքայինների» կազմում մասնակցել է 26 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։

























































