Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Ռոդրիգո Գոեսը համոզված է, որ «Սանթոսի» ֆուտբոլիստ Նեյմարը անհրաժեշտ կլինի ազգային թիմին 2026 թվականի Աշխարհի առաջնությունում:
«Նեյմարի մասնակցությո՞ւնը Աշխարհի առաջնությանը. դա միանգամայն տրամաբանական կլիներ: Կարծում եմ՝ այստեղ նույնիսկ քննարկելու հարց չկա: Բայց, իհարկե, դրա համար նա պետք է իրեն լավ զգա, լավ մարզավիճակում լինի, քանի որ դեռ ապաքինվում է ծնկի ծանր վնասվածքից: Առանց նրա՝ հաղթանակը լիարժեք չէր լինի, Նեյմարը մեզ շատ է պետք»,- Ռոդրիգոյի խոսքերն է մեջբերում Goal.com-ը՝ հղում անելով CazeTV-ին:
Հիշեցնենք, որ Նեյմարը բրազիլական «Սանթոսի» սան է: Սան Պաուլուն ներկայացնող ակումբի կազմում իր ողջ կարիերայի ընթացքում նա անցկացրել է 256 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 149 գոլի և 71 գոլային փոխանցման հեղինակ: Transfermarkt պորտալի տվյալներով՝ բրազիլացի հարձակվողի տրանսֆերային արժեքը ներկայումս գնահատվում է 10 մլն եվրո:























































