«Լիվերպուլի» առանցքային կիսապաշտպան Դոմինիկ Սոբոսլայը երազում է ապագայում իր ուժերը փորձել Մադրիդի «Ռեալի» կազմում։ Այս մասին հայտնում է The Touchline-ը։
Աղբյուրի համաձայն՝ թեև հունգարացի ֆուտբոլիստն իրեն լիովին երջանիկ է զգում մերսիսայդյան ակումբում, սակայն «արքայական» ակումբից առաջարկ ստանալու դեպքում երկար չի հապաղի որոշում կայացնելիս։ Շրջանառվող լուրերի համաձայն՝ Սոբոսլայը հենց «Ռեալն» է համարում իր կարիերայի համար իդեալական հանգրվան։
Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա կիսապաշտպանն արդեն մասնակցել է 35 հանդիպման՝ դառնալով 10 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
Հիշեցնենք, որ Սոբոսլայի գործող պայմանագրի ժամկետը «Լիվերպուլի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականը։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 85 միլիոն եվրո։


























































