«Լիվերպուլը» կարող է Մադրիդի «Ռեալին» առաջարկել խոշոր փոխանակման գործարք, որի շրջանակում անգլիական ակումբի կիսապաշտպան Ալեքսիս Մակ Ալիստերը կտեղափոխվի «Սանտյագո Բեռնաբեու», իսկ նրան «Էնֆիլդում» կփոխարինի «սերուցքայինների» հենակետային Օրելյեն Չուամենին։ Այս մասին հայտնում է TEAMtalk-ը։
Մադրիդյան գրանդը ուշադրությամբ հետևում է արգենտինացու կարիերային և նրան դիտարկում որպես միջին օղակի ուժեղացման տարբերակ՝ չնայած ընթացիկ մրցաշրջանում նրա ելույթների որոշակի անկայունությանը։
Մյուս կողմից, Չուամենին վաղուց է գտնվում մերսիսայդցիների տրանսֆերային դիտակետում, սակայն ֆրանսիացի ֆուտբոլիստը ցանկություն չունի լքել «Արքայական ակումբը»։ Աղբյուրը նաև հավելում է, որ գործարքի կայացման դեպքում «Լիվերպուլը» ստիպված կլինի հավելավճար կատարել։
Հիշեցնենք, որ երկու ֆուտբոլիստների գործող պայմանագրերն իրենց ներկայիս ակումբների հետ նախատեսված են մինչև 2028 թվականի հունիսի 30-ը։
























































