«Վեսթ Հեմի» եզրային հարձակվող Ադամա Տրաորեն անակնկալ կերպով միացել է իսպանական հեռուստատեսության ուղիղ եթերին այն պահին, երբ «Չելսիի» պաշտպան Մարկ Կուկուրելյան մեկնաբանում էր նրանց միջև տեղի ունեցած միջադեպը։
Անգլիայի Պրեմիեր լիգայի 24-րդ տուրի շրջանակում կայացած լոնդոնյան դերբիում «ազնվականները» 3։2 հաշվով հաղթանակ էին տարել։ Հանդիպման ավելացված ժամանակում (90+5-րդ րոպե) Տրաորեն հրել էր մրցակցին, ինչից հետո երկու թիմերի ֆուտբոլիստների միջև քաշքշուկ էր սկսվել։
«Նման բաներ պատահում են, խնդիր չկա։ Թեպետ, եթե նրան փողոցում հանդիպեի, դրանից հետո չէի համարձակվի բարևել»,- կատակել է Կուկուրելյան 3 Cat Fanzone show-ի եթերում։
Անմիջապես հետո հաղորդավարը հայտարարել է, որ հանդիպմանը երկար սպասել պետք չէ, և եթեր է միացրել Տրաորեին։ Ֆուտբոլիստները ծիծաղել են, իսկ Կուկուրելյան սկսել է ծափահարել։
«Հիմա ես հանգիստ եմ, քանի որ մեզ էկրանն է բաժանում»,- հավելել է «Չելսիի» պաշտպանը։

























































