«Ռոմայի» լեգենդար ավագ և նախկին հարձակվող Ֆրանչեսկո Տոտին կարող է վերադառնալ հարազատ ակումբ՝ ստանձնելով պատասխանատու պաշտոն։ Այս մասին X սոցիալական ցանցի իր էջում հայտնել է իտալացի հայտնի լրագրող Նիկոլո Սկիրան։
Ըստ աղբյուրի՝ 49-ամյա իտալացին կարող է նշանակվել «Ռոմայի» տեխնիկական տնօրեն։ Սկիրան նշում է, որ Տոտիի դերակատարումը նման կլինի այն գործառույթներին, որոնք ժամանակին «Միլանում» իրականացնում էր Պաոլո Մալդինին (Ռիկի Մասարայի աշխատանքային ժամանակահատվածում)։
Հիշեցնենք, որ Տոտին իր ամբողջ ֆուտբոլային կարիերան անցկացրել է հռոմեական ակումբում։ 2017 թվականին խաղակոշիկները մեխից կախելուց անմիջապես հետո նա անցել էր վարչական աշխատանքի «Ռոմայի» ղեկավար կազմում, սակայն 2019 թվականի ամռանը լքել էր զբաղեցրած պաշտոնը։
«Ռոմայի» կազմում «Կայսրը» դարձել է Իտալիայի չեմպիոն (2000/01), ինչպես նաև երկուական անգամ նվաճել է երկրի Գավաթն (2006/07, 2007/08) ու Սուպերգավաթը (2001, 2007)։ Իտալիայի հավաքականի կազմում լեգենդար ֆուտբոլիստը 2006 թվականին հռչակվել է աշխարհի չեմպիոն, իսկ 2000 թվականին դարձել Եվրոպայի փոխչեմպիոն։



























































