Լոնդոնի «Չելսիի» և Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Էդեն Ազարը բարձր է գնահատել Թուրինի «Յուվենտուսի» հարձակողական ոճի կիսապաշտպան Կենան Յիլդիզի խաղային որակները՝ նրան համարելով մադրիդյան գրանդին արժանի ֆուտբոլիստ։
«Երեխաներս ուղղակի պաշտում են Յիլդիզին։ Նրանք հույս ունեն նրան տեսնել Պրեմիեր լիգայում, սակայն ինձ համար նա «Ռեալի» մակարդակի խաղացող է», — բելգիացու խոսքերն է մեջբերում The Touchline-ը։
2025/26 մրցաշրջանում 20-ամյա ֆուտբոլիստն արդեն հասցրել է մասնակցել 31 հանդիպման՝ դառնալով 9 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt պորտալը երիտասարդ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 75 միլիոն եվրո։
Հիշեցնենք, որ Ազարը «Ռեալի» կազմը համալրել էր 2019 թվականի ամռանը, սակայն վնասվածքների և այլ խնդիրների պատճառով չկարողացավ լիարժեք դրսևորել իրեն «արքայական» ակումբում։ Բելգիացին պրոֆեսիոնալ կարիերան ավարտել է բավականին վաղ՝ 32 տարեկանում։


























































