«Բարսելոնայի» լեգենդար նախկին կիսապաշտպան Անդրես Ինիեստան հայտարարել է, որ իր ներկայիս գլխավոր նպատակը մարզչական կարիերա սկսելն է։ Իսպանացին անդրադարձել է հարազատ ակումբ վերադառնալու հնարավորությանը՝ նշելով, որ դա կարող է տեղի ունենալ բավականին ուշ։
«Այո՛, այս պահին իմ մոտիվացիան մարզիչ դառնալն է։ Ես այժմ գտնվում եմ այդ գործընթացի մեջ․ դա այն է, ինչով կցանկանայի զբաղվել, և կփորձեմ հնարավորինս լավ պատրաստվել։ Հաշվի առնելով տարիքս՝ գուցե «Բարսելոնան» գլխավորեմ 15 տարի անց։ Ես երկարաժամկետ պլաններ չեմ կազմում, պարզապես այս պահին զբաղված եմ մարզչական արտոնագիր ստանալով», – ասել է Ինիեստան Cadena SER-ի հետ զրույցում։
Անդրես Ինիեստան «Բարսելոնայի» գույները պաշտպանել է 2001-ից մինչև 2018 թվականը։ «Կապտանռնագույնների» կազմում նա նվաճել է 32 տիտղոս, այդ թվում՝ Չեմպիոնների լիգայի 4 գավաթ։



























































