Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան անդրադարձել է թիմի եզրային հարձակվող Վինիսիուս Ժունիորի խաղին։ Լա Լիգայի 20-րդ տուրի՝ «Լևանտեի» դեմ կայացած հաղթական (2-0) հանդիպման ընթացքում մադրիդցի երկրպագուները սուլոցներով էին արձագանքում բրազիլացու յուրաքանչյուր գործողությանը։
Մեկնաբանելով իրավիճակը՝ Արբելոան նշել է․
«Նրան պահեստայինների նստարանին նստեցնե՞լ։ Չգիտեմ, թե դա ինչ կտա։ Նա խաղադաշտում կլինի այնքան ժամանակ, քանի դեռ լավ մարզավիճակում է և ցուցադրում է այն խաղային մակարդակը, որը տեսնում ենք հիմա։ Նա ֆանտաստիկ, բացառիկ ֆուտբոլիստ է։
Որպես «Ռեալի» մարզիչ՝ կարող եմ ասել հետևյալը․ եթե ուզում եմ հաղթելու գոնե որոշակի շանսեր ունենալ, ապա նա ինձ անհրաժեշտ է։ Ինձ պետք է, որ Վինիսիուսը լինի խաղադաշտում», — Արբելոայի խոսքերն է մեջբերում իսպանական Mundo Deportivo-ն։
Ընթացիկ մրցաշրջանում բրազիլացին «սերուցքայինների» կազմում մասնակցել է 29 հանդիպման՝ դառնալով 6 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։
























































