«Բարսելոնան» բախվել է կադրային նոր խնդրի․ թիմի իսպանացի հարձակվող Ֆերան Տորեսը շարքից դուրս է եկել ազդրի հետին մկանի (ծնկատակի ջլի) վնասվածքի պատճառով։
Ինչպես հայտնում է լրագրող Խավի Միգելը, իսպանացի ֆուտբոլիստը չի մեկնի Չեխիա և չի մասնակցի Չեմպիոնների լիգայի շրջանակում կայանալիք «Սլավիայի» դեմ արտագնա խաղին։ Ավելին, մեծ է հավանականությունը, որ Տորեսը բաց կթողնի նաև Լա Լիգայի առաջիկա տուրի հանդիպումը «Ռեալ Օվյեդոյի» դեմ։
«Սլավիա» — «Բարսելոնա» հանդիպումը կկայանա չորեքշաբթի՝ հունվարի 21-ին։ Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմը «Ռեալ Օվյեդոյին» կընդունի կիրակի՝ հունվարի 25-ին։
Ընթացիկ մրցաշրջանում Տորեսը «կապտանռնագույնների» կազմում անցկացրել է 27 հանդիպում՝ դառնալով 15 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
Հիշեցնենք, որ բացի Ֆերանից «Սլավիայի» դեմ խաղը բաց կթողնի նաև Յամալը՝ որակազրկման պատճառով։


























































