Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան մեկնաբանել է Իսպանիայի առաջնության 20-րդ տուրում «Լևանտեի» նկատմամբ տարած տնային հաղթանակը (2:0): Սա «Արքայական ակումբի» առաջին հաղթանակն էր 43-ամյա մասնագետի գլխավորությամբ, ով թիմի ղեկը ստանձնել է հունվարի 12-ին՝ փոխարինելով պաշտոնանկ արված Խաբի Ալոնսոյին։
«Սա շատ կարևոր հաղթանակ էր։ Բոլորս ցանկանում էինք բեկել իրադարձությունների ընթացքը։ Այն, ինչ տեղի ունեցավ «Ալբասետեի» դեմ խաղում, չպետք է պատահեր։ Մենք զգում էինք մեր մեղավորությունը և ցանկանում էինք շտկել իրավիճակը։ Շաբաթը հեշտ չէր», — Արբելոայի խոսքն է մեջբերում AS-ը։
Խոսելով խաղային փոփոխությունների մասին՝ իսպանացին ընդգծել է, որ ընդմիջումից հետո թիմին հանձնարարվել է ավելի արագ գործել փոխանցումներ կատարելիս։ Ըստ Արբելոայի՝ քանի որ մրցակիցները սովորաբար խորը պաշտպանություն են կիրառում «Ռեալի» դեմ, անհրաժեշտ է ավելի ակտիվ օգտագործել եզրերը։ Նա նաև խոստովանել է, որ երբեք չի մոռանա այս օրը՝ որպես մարզիչ «Սանտիագո Բեռնաբեու» վերադառնալու կապակցությամբ։
Անդրադառնալով առաջիկա ծրագրերին՝ մարզիչը հավելել է, որ այժմ ամբողջությամբ կենտրոնացած են Չեմպիոնների լիգայի վրա․
«Վերականգնվելու համար քիչ ժամանակ ունենք, բայց պետք է փորձենք երեք միավոր վաստակել՝ աղյուսակի լավագույն ութնյակում մնալու համար»։
Հիշեցնենք, որ «Ռեալը» 48 միավորով զբաղեցնում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։ Հաջորդ հանդիպումը թիմը կանցկացնի հունվարի 20-ին՝ Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի 7-րդ տուրի շրջանակում սեփական հարկի տակ ընդունելով «Մոնակոյին»:
























































