«Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն Ջիդայում աշխատանքային հանդիպում է անցկացրել հարձակվող Մարկուս Ռեշֆորդի ներկայացուցչի հետ։ Զրույցը տեղի է ունեցել այն հյուրանոցում, որտեղ ընթացիկ շրջագայության շրջանակում հանգրվանել է կատալոնական թիմը։
Կողմերը տեղեկություններ են փոխանակել անգլիացի ֆուտբոլիստի կարգավիճակի վերաբերյալ և հաստատել համագործակցությունը շարունակելու փոխադարձ հետաքրքրվածությունը։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։
«Կապտանռնագույնների» ղեկավարությունը գոհ է հարձակվողի նվիրվածությունից և մարզումային գործընթացին նրա հարմարվելու ընթացքից։ Անգլիացին կարճ ժամանակում կարողացել է ընդհանուր լեզու գտնել թիմակիցների հետ։ Իսպանիա տեղափոխվելուց ի վեր՝ հարձակվողն իր ակտիվում գրանցել է 9 գոլ և 7 գոլային փոխանցում։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Բլաուգրանայի» ղեկավարությունը դիտարկում է լիարժեք տրանսֆերի տարբերակը։ Ակումբը ծրագրում է օգտվել «Մանչեսթեր Յունայթեդից» 30 միլիոն եվրոյով խաղացողի տրանսֆերային իրավունքները գնելու հնարավորությունից։ Ակումբի ներսում կարծում են, որ նման գործարքը շահավետ է թե՛ ֆինանսական, թե՛ մարզական տեսանկյունից։



























































