ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը բացատրել է Չեմպիոնների լիգայի «Լիվերպուլ» – «Ռեալ Մադրիդ» խաղի մրցավար Իշտվան Կովաչի որոշումը՝ «սերուցքայինների» դեմ 11 մետրանոց հարված չնշանակելու վերաբերյալ։
30-րդ րոպեին «Լիվերպուլի» կիսապաշտպան Դոմինիկ Սոբոսլայի հարվածից հետո գնդակը դիպավ Օրելյեն Չուամենիի ձեռքին՝ տուգանային հրապարակի եզրին։ Կովաչը սկզբում նշանակեց տուգանային հարված, ապա դիտարկեց 11 մետրանոց նշանակելու հնարավորությունը և, ի վերջո որոշեց չեղարկել խախտումը։
«Գնդակը դիպավ «Ռեալ Մադրիդի» խաղացողի ձախ ձեռքին, որը մոտ էր նրա մարմնին և գտնվում էր բնական դիրքում», – ասվում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայության հայտարարության մեջ, որը հրապարակվել է կազմակերպության պաշտոնական կայքում։
«Էնֆիլդում» կայացած խաղն ավարտվեց «Լիվերպուլի» 1։0 հաշվով հաղթանակով։ Խաղի միակ գոլը խփեց մերսիսայդցիների արգենտինացի կիսապաշտպան Ալեքսիս Մակ Ալիստերը։























































