Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Նաիր Թիկնիզյանը հունիսի 21-ին կմիանա Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդային»՝ անցկացնելու իր առաջին մարզումը նոր թիմում։ Հաշվի առնելով ակումբի՝ նոր խաղացողներին միայն պաշտոնական կայքով ներկայացնելու քաղաքականությունը, հնարավոր է, որ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը ներկայացվի մինչև թիմին միանալը։ Այս մասին գրում է Sportski žurnal-ը։
«Ցրվենա Զվեզդայի» ղեկավարությունն ու գլխավոր մարզիչ Վլադան Միլոևիչը մեծ կարևորություն էին տալիս ձախ պաշտպանի դիրքն ամրապնդելու հարցին։ Այդ նպատակով օրեր շարունակ բանակցություններ են վարել Մոսկվայի «Լոկոմոտիվի» հետ։ Ի վերջո, կողմերը համաձայնության եկան, և Թիկնիզյանի գործակալ Ալեքսանդր Կլյուևը հստակեցրեց վերջնական մանրամասները սերբական կողմի հետ։ Սպասվում է, որ Թիկնիզյանը կդառնա թիմի հիմնական ձախ պաշտպանը։
«Նաիրը Բելգրադ կժամանի հունիսի 20-ի երեկոյան։ Հաջորդ օրը նա կանցնի բուժզննում և կմիանա թիմի մարզումներին։ Ակումբի հեղինակությունն ու պատմությունը, ինչպես նաև ամեն տարի եվրագավաթներին մասնակցելու հնարավորությունը ստիպեցին Թիկնիզյանին ընտրել «Ցրվենա Զվեզդան»։ Հույս ունենք, որ Նաիրի օգնությամբ թիմը կհասնի Չեմպիոնների լիգայի խմբային փուլ։ Յուրաքանչյուր ֆուտբոլիստ երազում է խաղալ Եվրոպայի ամենահեղինակավոր մրցաշարում։
Մենք բանակցել ենք տեխնիկական տնօրեն Մարկո Մարինի հետ, ով նախկինում հանդես է եկել «Չելսիում», «Վերդերում», Գերմանիայի հավաքականում և հենց «Ցրվենա Զվեզդայում»։ Նա վստահեցրել է, որ թե՛ ղեկավարությունը, թե՛ մարզչական կազմը ցանկանում են տեսնել Թիկնիզյանին թիմում։ Բոլորը համոզված են, որ Նաիրը կօգնի թիմին հասնել նոր բարձունքների և պահպանել Սերբիայի «դուբլը»։
Այո, Նաիրը որակյալ խաղացող է և ուներ այլ առաջարկներ, սակայն ես խոստումս միշտ պահում եմ։ «Ցրվենա Զվեզդան» մեծ ակումբ է։ Թիկնիզյանն արագ է, ուժեղ, լավ է գործում ինչպես պաշտպանությունում, այնպես էլ հարձակման ժամանակ, ունի հիանալի ձախ ոտք։
Այո, ռուսական մամուլում նա բաց խոսել է նախկին ակումբի մարզչի և ղեկավարության մասին։ Դա եղել է էմոցիոնալ պահ։ Այժմ Նաիրը բացում է իր կարիերայի նոր էջ։ Համոզված եմ, որ Բելգրադում նա իրեն լավ կզգա»,- նշել է Կլյուևը։