«Միլանի» նախկին կիսապաշտպան Ռուդ Գուլիտը կարծիք է հայտնել ակումբի ներկայիս վիճակի մասին։ Անցած մրցաշրջանում «Միլանը» Իտալիայի առաջնությունն ավարտել է ութերորդ տեղում, իսկ Իտալիայի գավաթի եզրափակչում պարտվել է «Բոլոնիային»։
«Երկրպագուները դժգոհ են, և ես հասկանում եմ նրանց։ Խոսքը մեծ ակումբի մասին է, որը սովոր է պայքարել տիտղոսների կամ գոնե Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար։ Խնդիրն այն է, որ ամերիկացի սեփականատերերը չեն կարողանում լիովին ընկալել իրենց վերահսկողության տակ գտնվող ակումբի ԴՆԹ-ն։ Նրանց համար սա պարզապես բիզնես է», – Tuttosport-ի փոխանցմամբ՝ ասել է Գուլիտը։
Նա նաև նշել է, որ եթե նախկինում «Միլան» էին գալիս չեմպիոններ, ապա այժմ ակումբը ստիպված է վաճառել նրանց։