Հայ կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը շարունակաբար ապացուցում է, որ արժանի է եվրոպական ֆուտբոլում իր զբաղեցրած տեղին։ 2024/25 մրցաշրջանում Սլովակիայի բարձրագույն լիգայի՝ Niké լիգայի արդյունքներով, Բարսեղյանը ճանաչվել է լավագույն խաղացող, ինչպես նաև առաջնության լավագույն ռմբարկուներից մեկը՝ խփելով 20 գոլ։ Նա գոլերի քանակով կիսեց առաջին տեղը թիմակից Դավիդ Ստրելցի հետ։ Տարին հատկապես տպավորիչ էր նրա համար՝ որպես եզրային կիսապաշտպան, այսքան բարձր արդյունավետությամբ հանդես գալը դարձավ իր կարիերայի լավագույն մրցաշրջաններից մեկը։
«Սլովանի» գլխավոր մարզիչ Վլադիմիր Վայսը, ով երկար տարիներ գլխավորում է թիմը, բարձր է գնահատել Բարսեղյանի ոչ միայն խաղային կարողությունները, այլ նաև մարդկային որակները։
«Տիգրանին մարզելը միշտ չէ, որ հեշտ է», – ժպիտով ասել է Վայսը։ «Բայց նա հրաշալի անհատականություն է՝ մաքուր սրտով։ Նա երբեք չի խաբի։ Մարզիչ-խաղացող վստահությունը կարևոր է, և Տիգրանը դա ապահովում է։ Նա կարող է երբեմն բաց թողնել մարզումների որոշ մանրամասներ, բայց խաղադաշտում նրա տաղանդն անգերազանցելի է։ Նրա ոսկե ձախ ոտքը և եզրային կիսապաշտպանի դիրքից գոլ խփելու կարողությունը պարզապես զարմանալի են»։
Մարզիչը նաև անդրադարձել է Տիգրանի առաջատար դերակատարմանը՝ նշելով, որ վերջին տարիներին թիմում տարբեր խաղացողներ էին տանում առաջատարի բեռը, իսկ վերջին երկու մրցաշրջանում այդ դերը վստահորեն ստանձնել է հենց Բարսեղյանը։
«Վերջին չորս տարիներին մեր թիմում ամեն տարի նոր առաջատար էր՝ Վլադո Վայս, Ջաբա Կանկավա, Յուրայ Կուցկա, Գիորգի Չակվետաձե, Անդրեժ Չավրիչ։ Իսկ վերջին երկու տարիներին այդ առաջատարը հենց Տիգրանն էր՝ թե՛ խաղով, թե՛ արդյունքներով։ Նա աչքի ընկավ նաև Չեմպիոնների լիգայում՝ գոլ խփելով «Միլանին» և մի քանի կարևոր գոլային փոխանցում կատարելով թիմակիցներին։ Դատարկ դարպասի առաջ նրա փոխանցումը Ստրելեցին ևս խոսում է նրա բարձր բարոյական արժեքների մասին»։