Մայիսի 14-ի լույս 15-ի գիշերը Սան Խոսեի (ԱՄՆ, Կալիֆոռնիա) «Փեյփալ Պարկ» մարզադաշտում կայացել է MLS-ի կանոնավոր մրցաշրջանի խաղը «Սան Խոսե Էրսքվեյքս» և «Ինտեր Մայամի» ակումբների միջև։ Խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 3:3 հաշվով։
Խաղի առաջին րոպեին հաշիվը բացել է հյուրերի կենտրոնական պաշտպան Մաքսիմիլիանո Ֆալկոնը՝ Ժորդի Ալբայի փոխանցումից հետո գրավելով դարպասը։ Երրորդ րոպեին Քրիստիան Արանգոն խփել է պատասխան գնդակը, իսկ 38-րդ րոպեին Բո Լերոյն առաջ է մղել տանտերերին։ 44-րդ րոպեին Մայամին ներկայացնող թիմի հարձակվող Տադեո Ալյենդեն հավասարեցրել է հաշիվը՝ դարձյալ Ալբայի փոխանցումից։ Սակայն, ընդմիջումից առաջ՝ 45+4-րդ րոպեին, Իան Հարքսը կրկին առաջ է մղել տանտերերին:
Երկրորդ խաղակեսում խփվել է մեկ գոլ. 52-րդ րոպեին Ալյենդեն դուբլ է ձևակերպել՝ խաղի վերջնական հաշիվը դարձնելով 3:3, իսկ գոլային փոխանցումը կատարել է հյուրերի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին։
«Ինտեր Մայամին» MLS-ի Արևելյան կոնֆերենցիայում զբաղեցնում է հինգերորդ տեղը՝ 12 խաղից հետո վաստակած 22 միավորով, մինչդեռ «Սան Խոսեն» Արևմտյան կոնֆերենցիայում զբաղեցնում է յոթերորդ տեղը՝ 13 խաղում վաստակած 17 միավորով։