«Ատլետիկի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն մեկնաբանել է Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդից» 0:3 հաշվով կրած պարտությունը։
«Առաջին գոլի ժամանակ չկարողացանք հաղթահարել լարվածությունը։ 0:3 պարտությունը ցույց է տալիս, որ մրցակիցը շատ արդյունավետ էր, իսկ մենք չստեղծեցինք անհրաժեշտ պահեր։ «Յունայթեդի» նման թիմերը չեն ներում, նրանք վճռական են հարձակման վերջին փուլերում։ Պետք է դասեր քաղենք», – ասել է Վալվերդեն ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությանը։
Նա ընդունել է, որ արդյունքը բացասական է, բայց պայքարը շարունակվում է.
«Արդյունքը մեզ համար ծանր է, բայց պատասխան խաղը դեռ առջևում է։ Պետք է դուրս գանք դաշտ և խաղանք։ Չենք հանձնվի, թեև իրավիճակը բարդ է»։
Պատասխան խաղը կկայանա մայիսի 8-ին «Օլդ Թրաֆորդում», Երևանի ժամանակով ժամը 23:00-ին։