Սերբիայի Զլատիբոր քաղաքում ապրիլի 8-10-ն անցկացվել է համաշխարհային գիմնազիադա անվանումով մարզական միջոցառում: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Աթլետիկայի մրցումներին մասնակցել են Հայաստանի երեք ներկայացուցիչներ: Առավել հաջող հանդես է եկել վանաձորցի արագավազորդ Գառնիկ Կոստանդյանը: Նա հաջողությամբ հաղթահարել է 200մ. վազքի նախնական փուլի արգելքը և դուրս է եկել եզրափակիչ: Մարզիչ Ակսել Հակոբյանի սանը եզրափակչում մրցատարածությունը հաղթահարել է 24, 48 վայրկյանում և զբաղեցրել 7-րդ տեղը:
Երկօրյա ընդմիջումից հետո Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում տեղի է ունեցել արդեն խճուղային վազքի Եվրոպայի անդրանիկ առաջնությունը: Մասնակիցները պայքարել են 10 կմ, 21 կմ / կիսամարաթոն և / 42 կմ 195մ / մարաթոնյան / վազքում: Հայտավորվածներից երկուսը ներկայացնում էին մեր երկիրը: Գոհացրեց ՀՀ դրոշի ներքո հանդես եկած, ամերիկաբնակ Նինա Ուսուբյանը: Մարաթոնյան վազքում 42 և ավելի կիլոմետրը նա հաղթահարել է 2 ժամ. 40 րոպե, 40 վրկ. ժամանակում, գրավել է 14-րդ տեղը և սահմանել է Հայաստանի նոր ռեկորդ:
Մեր երկրորդ պատվիրակ Ռոման Ալեքսանյանը նույնպես հանդես է եկել մարաթոնյան վազքում: Նա եզրագիծը հատել է 2. 53, 19 ժամանակում:
Հայաստանի աթլետիկայի հավաքականի գլխավոր մարզիչ, վաստակավոր մարզիչ Գրիգոր Բարսեղյանը հայտնել է, որ ապրիլի 25-26-ին Իրանի Մաշադ քաղաքում կանցկացվի միջազգային խոշոր մրցաշար: Մեր երկրից կմասնակցեն վազորդ Երվանդ Մկրտչյանը և ցատկորդ Գոռ Հովակիմյանը: Նրանցից առաջինը կմրցի 1500մ. և 5000մ.վազքատարծություններում, իսկ երկրորդը ՝ եռացատկում և հեռացատկում: