Ապրիլի 4-ին բելգիացի կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն պաշտոնապես հայտարարեց 2024/2025 մրցաշրջանի ավարտից հետո անգլիական «Մանչեսթեր Սիթիից» հեռանալու մասին։ Ինչպես հայտնում է El Nacional-ը, Կևինի ծառայություններով հետաքրքրված են Լոնդոնի «Չելսին» և «Արսենալը», ինչպես նաև «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Նյուքասլը»:
Աղբյուրի փոխանցմամբ՝ 33-ամյա ֆուտբոլիստը պատրաստ է տեղափոխվել այս ակումբներից մեկը, և դա շատ հիասթափեցնող է «քաղաքայինների» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի համար, ով, ինչպես և «Մանչեսթեր Սիթիի» երկրպագուները, նման որոշումը համարում է իսկական դավաճանություն։ Ինքը՝ խաղացողը, վերջերս տված հարցազրույցում ասել է, որ չգիտի՝ «Մանչեսթեր Սիթիից» հեռանալուց հետո կշարունակի՞ խաղալ Անգլիայում։
2024/2025 մրցաշրջանում Կևին Դե Բրույնեն ակումբային մակարդակում անցկացրել է 33 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և ութ գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը նրա արժեքը գնահատում է 27 միլիոն եվրո: