Աշխարհի 5-րդ ռակետ Նովակ Ջոկովիչը Մայամիի Մասթերսի մրցաշարի եզրափակչում անակնկալ պարտություն է կրել աշխարհի 54-րդ ռակետ, 19-ամյա չեխ Յակուբ Մենշիկից: Հանդիպումից հետո Ջոկովիչը մեկնաբանել է իր պարտությունը։
«Չեմ ցանկանում շատ խոսել։ Սա Յակուբի պահն է, նրա թիմի ու ընտանիքի համար։ Շնորհավորում եմ։ Անհավանական մրցաշար էր։ Առաջիններից մեկը՝ շատերի շարքում։ Ինձ ցավ է սա ընդունել, բայց դու ավելի լավն էիր։ Վճռորոշ պահերին դու կարողացար ցուցադրել քո լավագույն որակները։ Քո մատուցումը պարզապես հիասքանչ էր։
Անհավանական ջանքեր ներդրեցիր՝ բարդ պահերին դիմակայելու համար։ Քո նման երիտասարդ խաղացողի համար սա հիանալի հատկանիշ է։ Դա մի բան է, որ դու շատ անգամներ կօգտագործես առաջիկա տարիներին։ Ցանկանում եմ քեզ հաջողություն։ Գուցե երբևէ թույլ տաս, որ ես հաղթեմ մեր հաջորդ հանդիպումներից մեկում», – ասել է Ջոկովիչը։
Հիշեցնենք, որ Ջոկովիչն իր կարիերայի ընթացքում նվաճել է 99 տիտղոս։ Մայամիի մրցաշարի հաղթանակը նրա համար կարող էր դառնալ 100-րդ հոբելյանական տիտղոսը։