«Սանթոսի» բրազիլացի հարձակվող Նեյմարը բրազիլական ակումբ վերադառնալուց հետո իր առաջին գոլը խփելուց հետո գրառում է կատարել սոցցանցերում։
«Իմ ամենամեծ ուրախությունը ֆուտբոլ խաղալն է»,- գրել է Նեյմարը։
Պաուլիստայի առաջնության 12-րդ տուրի` «Ինտեր Լիմեյրայի» դեմ խաղում 33-ամյա ֆուտբոլիստը գոլի հեղինակ է դարձել 27-րդ րոպեին։ Հարձակվողը գոլ է խփել անկյունայինից կատարած ուղիղ հարվածով։ Հանդիպումն ավարտվել է «Սանթոսի» հաղթանակով 3:0 հաշվով, Նեյմարը նաև երկու գոլային փոխանցում է կատարել:
Իր պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում Նեյմարը հանդես է եկել «Սանթոսում», «Բարսելոնայում», «Պարի Սեն Ժերմենում» և «Ալ-Հիլալում»: 33-ամյա վինգերը Բրազիլիայի հավաքականի կազմում անցկացրել է 128 հանդիպում և դարձել 79 գոլի հեղինակ։ Transfermarkt ինտերնետային պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 15 մլն եվրո։