Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում օրերս կայացել է «Ночь чемпионов IBA» պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոն, որի շրջանակում ռինգ է դուրս եկել հայ 6 բռնցքամարտիկ. նրանցից 4-ը տպավորիչ հաղթանակներ են տարել:
Հայաստանի հավաքականի անդամ Դավիթ Չալոյանը պրոֆեսիոնալ ռինգում տոնել է իր 2- րդ հաղթանակը։ Օլիմպիական խաղերի մասնակից գյումրեցի բռնցքամարտիկը գերծանր քաշային կարգի IBA-ի «Ուժեղագույն ընտրանու» 1/4 եզրափակիչի շրջանակում մրցել է Ռուսաստանը ներկայացնող Վիտալի Խուդակովի հետ։ Առաջին իսկ ռաունդից սկսած Չալոյանը նախաձեռնողի դերում էր և հարվածների տարափ է հասցրել մրցակցին։ Արդյունքում մրցավարների միաձայն որոշմամբ Չալոյանը վստահ հաղթանակ է տարել:
Նարեկ Մանասյանը նույնպես տպավորիչ հաղթանակ է տարել: 6 ռաունդ տևած բարդ պայքարում Մանասյանը հաղթել է նիգերացի Օսթին Նամդիին։
Գուրգեն Մադոյանը նույնպես հաղթել է։ 71 կգ քաշային հայ բռնցքամարտիկը տպավորիչ ու գեղեցիկ մենամարտ է անցկացրել անչափ փորձառու ուզբեկ մրցակցի հետ և հաղթել է մրցավարների միաձայն որոշմամբ
Երեկոյի առաջին հաղթանակը տարել է Արթուր Բազեյանը: Մեր մարզիկը մեծ առավելությամբ հաղթել է ալբանացի Արդիթ Մուրջային։ Հատկապես վերջին ռաունդներում Բազեյանը ուներ մեծ առավելություն և կարող էր նույնիսկ նոկաուտի ենթարկել ալբանացուն։