Կայացել է շախմատային թագի համար մրցախաղի երրորդ պարտիան, որում հնդիկ գրոսմայստեր, հավակնորդների մրցաշարի հաղթող Գուկեշ Դոմարաջուն հաղթեց աշխարհի գործող չեմպիոն չինացի Դին Լիրենին։
Երեք պարտիաների արդյունքներով հաշիվը հավասար է՝ 1,5:1,5։
Հիշեցնենք, որ առաջին պարտիան չինացի գրոսմայստերը հաղթել էր 42-րդ քայլից հետո, երկրորդն ավարտվել էր ոչ-ոքի։ Այսօր՝ նոյեմբերի 28-ին, հանգստյան օր է։ Ուրբաթ օրը՝ նոյեմբերի 29-ին, կկայանա չորրորդ պարտիան, որում առաջին քայլը կանի Դին Լիրենը։
Շախմատի թագի համար մրցախաղն անցկացվում է Սինգապուրում՝ նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 15-ը։ Մրցակիցները կանցկացնեն 14 պարտիա, ոչ-ոքիի դեպքում կնշանակվի թայ-բրեյք: