Հայաստանի ազգային հավաքականը երեկ՝ հոկտեմբերի 10-ին, Ազգերի լիգայի շրջանակում C լիգայի 4-րդ խմբի 3-րդ տուրում հյուրընկալվել էր Ֆարերյան կղզիների հավաքականին։ Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 2։2։
Խաղից հետո մրցակցի գլխավոր մարզիչ Հյոկան Էրիկսոնը Ֆարերյան Ռադիոյին տված հարցազրույցում նշել է, որ հիասթափված է խաղի արդյունքից։
«Մենք հիասթափված ենք, քանի որ նրանք հավասարեցրին հաշիվը խաղի վերջին վայրկյաններին։ Վատ արդյունք չէ, սակայն, իհարկե, հիասթափությունը շատ խորն է, երբ հաղթում ես ու բաց թողնում վերջին րոպեներին։
Բյարտալիդը կարող էր մեր երրորդ գոլը խփել, ինչից հետո մենք հաստատ կհաղթեինք։ Նրանք ևս մի քանի հնարավորություններ ունեին, բայց մենք լավ խաղացինք, և ես գոհ եմ մեր ցուցադրած ֆուտբոլից։ Ամեն ինչ կանենք, որ այս խաղի արդյունքը չազդի հաջորդի վրա»,- նշել է շվեդ մասնագետը։