Հայաստանի ազգային հավաքականն այսօր՝ հոկտեմբերի 10-ին, Ազգերի լիգայի շրջանակում C լիգայի 4-րդ խմբի 3-րդ տուրում հյուրընկալվելու է Ֆարերյան կղզիների հավաքականին։ Հանդիպումը կայանալու է մոտ 7000 հանդիսական տեղավորող «Տորսվյոլուր» խաղադաշտում, Երևանի ժամանակով 22։45-ին։
Մրցող թիմերի դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում՝
Ֆարերյան կղզիներ՝ 140-րդ
Հայաստան՝ 96-րդ
Երկրորդ հանդիպումը մեր ընտրանին կանցկացնի Երևանում հոկտեմբերի 13-ին՝ մրցելով Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի հետ:
Նախորդ տուրերում մեր ընտրանին 4։1 հաշվով հաղթել էր Լատվիային, և 0։2 հաշվով պարտվել Հյուսիսային Մակեդոնիային։
Մեր ընտրանին բարեհաջող մեկնել է Ֆարերյան կղզիներ, մասկանցել նախախաղային մարզման և մամուլի ասուլիս տվել։
«Կարծում եմ՝ լավ հանդիպում է սպասվում։ Այստեղ ենք ժամանել մոտ 6 ժամ թռիչքից հետո։ Ջերմաստիճանը +3 աստիճան է, Երևանում՝ +27։ Բավականին մեծ է տարբերությունը։ Խաղադաշտն արհեստական խոտածածկով է, մարզման ժամանակ կհասկանանք՝ ինչպիսի տեսք ունի խոտածածկը։ Թիմում բոլորն առողջ են, պատրաստվում ենք վաղվա հանդիպմանը»,- ասել է Պետրակովը նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ։
«Ուսումնասիրել ենք մրցակցին, սպասվում է ծանր հանդիպում։ Լավ ենք պատրաստվել։ Գիտենք, թե ինչպես պետք է խաղանք վաղը։ Պետք է ամեն ինչ անենք դրական արդյունքի հասնելու համար»,- ասել է Սերոբյանը նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ։
Մրցաշարային աղյուսակը ներկա պահին այսպիսի տեսք ունի՝
Հանդիպման մրցավարն է Օլեքսեյ Դերևինսկին։ Նրան կօգնեն Սեմյոն Շլոնչակը և Վիկտոր Մատյաշը։ Չորրորդ պաշտոնյան Վիտալի Ռոմանովն է։
Օլեքսեյ Դերևինսկին 1 խաղի ընթացքում ցույց է տալիս միջինում 4 դեղին քարտ։
Չնայած վարկանիշային աղյուսակի դիրքերին, Հայաստանի ընտրանին պետք է չթերագնահատի մրցակցին և խաղադաշտը լքի արժանիորեն վաստակած 3 միավորով։ Ֆավորիտները թղթի վրա են լինում, սակայն սա այն դեպքն է, որ պարտավորվածությունը կրկնակի մեծ է, առավել ևս, երբ Ֆարերյան կղզիների ընտրանին սեպտեմբերի 7-ին ոչ-ոքի է խաղացել Հյուսիսային Մակեդոնիայի հետ (1:1)։