Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին կարող է երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ այն բանից հետո, երբ պայմանագրի ժամկետը կավարտվի 2026 թվականին։ Այս մասին հայտնում է AS-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ այս պահին 65-ամյա իտալացի մասնագետը մարզչական կարիերան ավարտելու վերջնաժամկետ չի սահմանել։ Նա խոստովանում է, որ երկու տարի անց պայմանագրի ավարտից հետո կարող է շարունակել աշխատել մադրիդցիների հետ։ Միևնույն ժամանակ, ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը տպավորված է Կառլո Անչելոտիի աշխատանքով և կարծում է, որ ներկայիս մարզչական շտաբը հիանալի է կատարում իր աշխատանքային պարտականությունները։
Երեկ՝ սեպտեմբերի 24-ին, Անչելոտին մադրիդյան ակումբի ղեկին 300-րդ հանդիպումն է անցկացրել՝ մրցելով «Ալավեսի» հետ (3:2)։ Մարզիչը իր վեցերորդ մրցաշրջանն է անցկացնում Մադրիդի «Ռեալում», նախկինում նա թիմը գլխավորել է 2013-ից 2015 թվականներին: Կառլոյի գլխավորությամբ ակումբը տարել է 218 հաղթանակ, կրել 39 պարտություն, 43 անգամ ոչ-ոքի է խաղացել։
Իսպանիայի ընթացիկ առաջնության յոթ տուրերից հետո «Ռեալը» զբաղեցնում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղը՝ վաստակելով 17 միավոր։