«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը պատասխանել է վինգեր Ջեյդոն Սանչոյի ապագայի մասին հարցին, որի անունը կապվում է Լոնդոնի «Չելսի» տեղափոխության հետ։
«Որքանով, որ ես եմ տեղյակ, ես ակնկալում եմ, որ նա կմնա, այո: Մենք գոհ ենք նրանից։ Մեզ լավ կազմ է պետք: Մինչև հունվար շատ հանդիպումներ ունենք անցկացնելու։ Ընդմիջումից հետո մենք խաղում ենք ամեն երրորդ օրը, ուստի մեզ տարբերակներ են պետք»,- X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) տեն Հագի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնում էին, որ Լոնդոնի «Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդը» մոտ են Սանչոյի տրանսֆերի շուրջ համաձայնության գալուն։
Հիշեցնենք, որ Ջեյդոն Սանչոն չի ընդգրկվել օգոստոսի 24-ին կայացած Անգլիայի Պրեմիեր լիգայի 2-րդ տուրի «Բրայթոնի» հետ հանդիպման հայտացուցակում։ Նախկինում նա բաց էր թողել նաև «Ֆուլհեմի» հետ 1-ին տուրի խաղը (1:0): «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը բացատրել է, որ Սանչոյի բացակայության պատճառը առողջական խնդիրներն են և հավաքականում տեղի համար բարձր մրցակցությունը։
























































