Մյունխենի «Բավարիայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանին, որը թիմը գլխավորել է այս ամռանը, դեմ է եղել հոլանդացի պաշտպան Մատեյիս դե Լիխտի հեռանալուն, հայտնում է The Athletic-ը։
Նիդերլանդների հավաքականի խաղացողը բելգիացի մասնագետի հետ անձնական զրույցի ժամանակ ցանկացել է հասկանալ, թե ինչու է մյունխենյան ակումբն իրեն ցանկանում վաճառել։ Կոմպանին ֆուտբոլիստին ասել է, որ ինքը պատասխանատու չէ ղեկավարության որոշումների համար, և նա դե Լիխտին համարում է մյունխենյան ակումբի թիվ մեկ պաշտպանը։
Նշվում է նաև, որ «Բավարիայի» տնօրենների խորհուրդը խուսափել է պատասխանել թիմում խաղացողի հեռանկարների մասին նրա գործակալի հարցերին։
Հիշեցնենք, որ 25-ամյա խաղացողը այս ամռանը տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»։ Transfermarkt-ի տվյալներով՝ 25-ամյա պաշտպանի տեղափոխությունը «Կարմիր սատանաների» համար արժեցել է 45 միլիոն եվրո։
























































