«Չելսիի» և Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը ներողություն է խնդրել լոնդոնյան ակումբի իր թիմակիցներից՝ Ֆրանսիայի հավաքականի հասցեին վիրավորական վանկարկումների համար։ Արգենտինացի կիսապաշտպանը ժամանել է ԱՄՆ, որտեղ «կապույտները» մինչմրցաշրջանային հավաք են անցկացնում։ Այս մասին հայտնում է Sky Sports-ը։
Հիշեցնենք, որ Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստները վիրավորական երգը կատարել են Կոլումբիայի հետ 2024 թվականի Ամերիկայի գավաթի խաղարկության եզրափակչում տարած հաղթանակից հետո (1:0): Տոնելով գավաթը նվաճելը՝ Էնցոն ուղիղ հեռարձակում էր սկսել սոցցանցում, որի ժամանակ նա և իր թիմակիցները երգում էին. «Նրանք խաղում են Ֆրանսիայի համար, բայց նրանք բոլորն Անգոլայից են»:
Հաղորդվում էր, որ «Չելսիի» ֆրանսիացի ֆուտբոլիստները շատ են զայրացել իրենց թիմակցի պահվածքից։ Ակումբը կարգապահական հետաքննություն է սկսել, և Էնցոն հրապարակավ ներողություն է խնդրել։
























































