«Ինտերի» հարձակվող Մարկո Արնաուտովիչը վնասվածքի պատճառով երկար ժամանակ կբացակայի։
Հարձակվողը փոխարինման էր դուրս եկել Ա Սերիայի 5-րդ տուրի՝ «Էմպոլիի» դեմ խաղում (1:0) 72-րդ րոպեին, բայց վնասվածքի պատճառով խաղադաշտը լքել էր խաղավարտից 1 րոպե առաջ։ «Ինտերը» հանդիպումն ավարտել էր տասը հոգով։
Այսօրակումբը հայտնել է, որ հետազոտության արդյունքներով Արնաուտովիչի մոտ ախտորոշվել է ձախ ազդրի մկանների միջին ծանրության լարվածություն։ Նրա վիճակը կվերագնահատվի առաջիկա շաբաթների ընթացքում։
Ինչպես հայտնում է Sky Sport Italia-ն, հարձակվողը բաց կթողնի 45-60 օր։ Այս դեպքում նա կկարողանա վերադառնալ նոյեմբերին։
Սպասվում է, որ Արնաուտովիչը բաց կթողնի «Ինտերի» մինչև 12 հանդիպում: Դրանք ներառում են երկուական խաղ «Բենֆիկայի» և «Ռեդ Բուլ Զալցբուրգի» դեմ Չեմպիոնների լիգայում, ինչպես նաև «Ռոմայի» և «Յուվենտուսի» հետ հանդիպումները Ա Սերիայում:
Այս մրցաշրջանում Արնաուտովիչը բոլոր մրցաշարերում մասնակցել է «Ինտերի» 7 հանդիպման և կատարել 1 գոլային փոխանցում։