Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Արմեն Բաբալարյանը ՀԸՖ-ի հետ զրույցում ամփոփել է Հռոմում կայացած ԵԱ-ն:
«Որ ըմբիշներից սպասում էի՝ լավ մասնակցեցին: Կային բացթողումներ. օրինակ Ալբերտը և Վիգենը կարող էին եզրափակիչ անցնել:
Հոմերոսը վնասվածք ուներ, ներարկումով ենք տարել մրցման: Քառագլուխ մկանի լուրջ վնասվածք ունի: Նրա ցանկությունն էր մասնակցել առաջնությանը: Ցավոք, վնասվածքը զգացնել տվեց և նա մնաց առանց մեդալի: Սուրեն Աղաջանյանից գոհ եմ: Նրա դեպքում ամեն ինչ ստացվեց:
67 կգ քաշային Աշոտ Խաչատրյանը կարող էր չեմպիոնա դառնալ: Տպավորություն էր, որ նա բավարարվել է կիսաեզրափակչում տարած հաղթանակով: Նա պատանեկան տարիքում շատ է մասնակցել նմանատիպ առաջնությունների, բայց առաջին անգամ էր եզրափակիչ անցնում: Եթե մաքսմիալիստ լիներ՝ կհաղթեր:
Արման Խաչիկյանը, նուրբ գոտեմարտեց, հակառակ դեպքում նա էլ կարող էր մեդալ նվաճել: 77 կգ քաշային Հենրիկը 17 տարեկան է դեռ: Նրա դեպքում էլ փորձի պակասը զգացնել տվեց:
82 կգ և 97 կգ քաշային ըմբիշներից դժգոհ եմ: Կային քաշեր, որոնցից ես շատ սպասելիքներ չունեի, բայց տղաներին փորձ ձեռք բերել էր պետք և այդ հնարավորությունը նրանց ընձեռեցինք: Ամբողջ առաջնությունը կգնահատեմ բավարարից մի փոքր ավել՝ լավ: Մինչև Աշխարհի առաջնություն քիչ ժամանակ է մնացել: Ամենայն հավանականությամբ 2 հավաք կանցկացնենք ու կմեկնենք»,- մեջբերում է մասնագետին Հայաստանի Ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։