«Ուրարտուի» գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնելուց հետո Դմիտրի Գունկոն երևանյան ակումբի մամուլի ծառայությանը տված հարցազրույցում խոսել է թիմի հետ նպատակների, առաջադրանքների և այլ թեմաների մասին․
ՄԱՐԶՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆ ՍԿՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իմ մարզչական գործունեությունն սկսվել է 2006 թվականից, ավարտեցի ֆուտբոլը, մեջքիս վնասվածքը թույլ չտվեց ինձ շարունակել ֆուտբոլիստի կարիերան, և ինձ հրավիրեցին «Սպարտակի» երիտասարդական թիմ, որը «Սպարտակի» ակադեմիայի կառուցվածքի մաս էր կազմում, և ես զբաղեցրի մարզչի պարտականությունները ակումբի գրեթե բոլոր թիմերում մինչև 2020 թվականը։
Հայաստանում իմ գլխավորած առաջին թիմը «Նոան» էր, որից հետո՝ նախորդ մրցաշրջանում, գլխավորեցի «Արարատ-Արմենիան», որտեղ էլ պայմանագրի ժամկետն ավարտվելուց հետո առաջարկ ստացա «Ուրարտուից»,- ասել է Գունկոն։
«ՈՒՐԱՐՏՈՒ» ՏԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Անշուշտ, մենք մեր աշխատանքն սկսում ենք ֆուտբոլիստների հետ ծանոթությամբ։ «Ուրարտուի» հետ իմ թիմերը բավական հաճախ են խաղացել, քանի որ Հայաստանի առաջնությունում թիմերը շատ չեն, առաջնությունն անցկացվում է 4 շրջանով․ 1 տարվա ընթացքում 4 խաղ նույն թիմի դեմ, իհարկե, իմանում ես ֆուտբոլիստների խաղային որակները, բայց չգիտես նրանց անհատական որակները, և թե ինչ հնարավորությունների է տիրապետում նրանցից յուրաքանչյուրը։ Մեր՝ մարզչական շտաբի խնդիրն է ստանալ ֆուտբոլիստից ամեն ինչ, որպեսզի նա հավատա, որ կարող է զարգանալ, աճել և այն, թե ինչպես է նա խաղում այս պահին, դեռ իր սահմանը չէ։ Իսկ թե ինչ պայմաններում ենք դա անելու, կախված կլինի շատ գործոններից, որոնց նույնպես սկսում ենք ծանոթանալ»,- մեջբերում է Գունկոյին ակումբի մամուլի ծառայությունը։
ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԸ
«Մրցաշրջանում, առաջնությունում ու առաջնության առանձին հատվածում մեր առաջադրանքները և՛ իմ, և՛ մարզչական շտաբի համար առավելագույնն են եղել՝ որտեղ էլ որ գտնվել ենք։ Իհարկե, մենք ցանկանում ենք, որ մեր ֆուտբոլիստները հասնեն առաջադրված նպատակներին, դրանք ամենաբարձրն են, արդեն խոսեցի այդ մասին, պետք է ֆուտբոլիստներին պատրաստենք դրան»։
ԹԻՄԻ ԿԱԶՄՈՒՄ ՀՆԱՐԱՎՈՐ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
«Ես կարծում եմ, որ ամենակարևորը առողջ մրցակցությունն է, արդար և սպորտային, որի մեջ աճում են երիտասարդ ֆուտբոլիստները, և ինձ շատ հաճելի է, որ այդ ֆուտբոլիստներն ակումբի սաներն են, քանի որ այս ակումբը լավ պայմաններ է ստեղծում նրանց զարգացման համար, և ես ուզում եմ, որ թիմի բոլոր խաղացողներն իմանան, որ առողջ մրցակցությունն է նրանց մղելու տեղ զբաղեցնելու մեկնարկային կազմում ու ֆուտբոլային որակների բարելավմանը»։
























































