Լա լիգայի ղեկավար Խավյեր Տեբասն ուզում է, որ Ռոբերտ Լևանդովսկին տեղափոխվի «Բարսելոնա»։
«Հուսով եմ՝ Լևանդովսկին կտեղափոխվի «Բարսելոնա» ու լավ մրցաշրջան կանցկացնի։ Հույս ունեմ, որ նրա օգտագործած լծակները կօգնեն, որ նա հայտնվի «Բարսելոնայում», քանի որ Ռոբերտը «Բավարիայի» ու եվրոպական ֆուտբոլի լեգենդն է։
Եթե տնտեսական համաձայնագրերը, որ հաստատվել են «Բարսայի» կողմից, սկսեն գործել, ապա Լևանդովսկին կարող է տեղափոխվել։ Հետաքրքրություն կա։ Եթե այդ օպերացիաներն ակտիվացվեն, «Բարսելոնան» կկարողանա պայմանագիր կնքել նրա հետ»,- Տեբասի խոսքերն է փոխանցում Diario Sport-ը։
Հիշեցնենք՝ որոշ ժամանակ առաջ ակումբի անդամները մի քանի ֆինանսական կետեր են հաստատել։
Նախ, «Բարսելոնայի» տնօրենների խորհուրդը իրավունք ստացավ վաճառել Barça Licensing & Merchandising-ի 49,9%-ը: Ըստ ակումբի՝ այս գործարքից նա կստանա առնվազն 200 միլիոն եվրո։ Միաժամանակ «Բարսելոնան» այն հետ գնելու իրավունք կունենա։ Երկրորդ՝ ակումբը իրավունք ստացավ վաճառել հեռուստատեսային իրավունքների 25%-ը հաջորդ 25 տարիների համար։ Յուրաքանչյուր 10%-ի դիմաց «Բարսան» կպահանջի 200 մլն եվրո։
























































