Այսօր՝ հունիսի 27-ին, «Ուրարտու» ֆուտբոլային ակումբում տեղի ունեցավ Դմիտրի Գունկոյի պաշտոնական շնորհանդեսը, որի ժամանակ էլ նա պայմանագիր ստորագրեց ու ներկայացվեց որպես «Ուրարտուի» նոր գլխավոր մարզիչ։
«Ես կարծում եմ, որ հավասար պայմաններ էին դրված և՛ «Արարատ-Արմենիայում», և՛ «Ուրարտուում»՝ անձամբ ինձ համար, մարզչական շտաբի համար։ Նույն խնդիրն էլ կդրվի նաև այս անգամ։
Բայց հասկանում ենք, որ պայմանները տարբեր ակումբներում տարբեր են լինում, և հենց դրանում է մարզչական աշխատանքի հետաքրքրությունը»,- ասել է Գունկոն մամուլի ասուլիսի ժամանակ։
Մասնագետը երկար տարիներ աշխատել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայում, մարզել է «Խիմկին», կարիերայի մեծ մասն էլ անցկացրել Մոսկվայի «Սպարտակի» համակարգում: Գունկոն մարզչական գործունեությունը Հայաստանում սկսել է 2020-ից՝ գլխավորելով «Նոան»։ Իսկ ռուս մասնագետի վերջին ակումբն «Արարատ-Արմենիան» էր, որը նա գլխավորում էր 2021 թվականի հունիսից։ Նրա գլխավորությամբ թիմն անցկացրել է 32 խաղ, տոնել 23 հաղթանակ, գրանցել 5 ոչ-ոքի և կրել 4 պարտություն:
























































