ԱՊԼ 19-րդ տուրի խաղում «Մանչեսթեր Սիթին» ընդունել էր «Լեսթերին» ու 6-3 հաշվով հաղթանակ տարավ։
Խաղի արդեն 5-րդ րոպեին տանտերերի կազմում հաշիվը բացեց Կևին դե Բրիյույնեն։ 14-րդ րոպեին մրցավարի նշանակած 11-մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Ռիյադ Մահրեզը՝ կրկնապատկելով հաշիվը։ 21-րդ րոպեին Գյունդողանը եռապատկեց իր թիմի առավելությունն, իսկ 4 րոպե անց ևս մեկ 11-մետրանոց հարված անվրեպ իրացրեց Ստեռլինգն ու «Սիթին» ընդմիջման գնաց 4 գնդակի առավելությամբ։
Երկրորդ կեսի սկզբնամասում՝ 55-րդ րոպեին, Մեդիսոնը խփեց «Լեսթերի» առաջին գոլը, չորս րոպե անց Լուքմանը խփեց երկրորդ գոլը, իսկ 6 րոպե անց Իհենաչոն հաշիվը դարձրեց արդեն 4-3։ Բայց 4 րոպե անց Լապորտեն գրավեց մրցակցի դարպասը՝ 5-3։ Խաղի վերջակետը դրեց Ստեռլինգը՝ գոլի հեղինակ դառնալով հիմնական ժամանակի ավարտից 3 րոպե առաջ։
Այս խաղից հետո Գվարդիոլայի սաները 47 միավորով գլխավորում են ԱՊԼ մրցաշարային աղյուսակը, իսկ «Լեսթերը» 22 միավորով 10-րդն է։
Տուրի մյուս խաղում «Արսենալը» հյուրընկալվել էր «Նորվիչին» ու 5 անպատասխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը։
6-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Սական, իսկ առաջին կեսի ավարտից 1 րոպե առաջ Թիրնին կրկնապատկեց հաշիվը։ 67-րդ րոպեին Սական դուբլ ձևակերպեց, իսկ 84-րդ րոպեին նշանակված 11-մետրանոցն անվրեպ իրացրեց Լակաետը։ Հիմնական ժամանակին ավելացված առաջին րոպեին Սմիթ Ռոուն խփեց լոնդոնցիների 5-րդ գնդակը՝ վերջակետ դնելով խաղին։
Այս խաղից հետո «Արսենալը» 35 միավորով 4-րդ տեղում է, իսկ «Նորվիչը» 10 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։
























































