ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն քննադատել է Աշխարհի առաջնությունը երկու տարին մեկ անգամ անցկացնելու գաղափարի հակառակորդներին։
Ավելի վաղ այս գաղափարին դեմ էին արտահայտվել ՈՒԵՖԱ-ն, Հարավային Ամերիկայի ֆուտբոլի կոնֆեդերացիան, Պրեմիեր լիգան և շատ այլ կազմակերպություններ:
«Նրանք, ովքեր ընդդիմանում են, նրանք վերնախավից են։ Սա տեղի է ունենում կյանքի յուրաքանչյուր ոլորտում, երբ խոսքը վերաբերում է բարեփոխումներին և փոփոխություններին: Վերևում գտնվողները չեն ցանկանում որևէ բան փոխել, քանի որ նրանք վերևում են։ Նրանք կարող են մի փոքր վախենալ, որ ամեն ինչ կփոխվի, իրենց առաջատար դիրքերը վտանգված կլինեն։
Մենք դա հասկանում ենք, արժանին մատուցում և ծափահարում նրանց հաջողությունների, բարձունքների հասնելու համար: Դա անհավանական է, նրանք օրինակ են բոլորի համար։ Բայց միևնույն ժամանակ դուռը փակել չենք կարող, այն պետք է կիսաբաց մնա, պետք է հույս ու հնարավորություն տանք։
Մենք պետք է ավելի շատ հնարավորություններ ընձեռենք համաշխարհային ֆուտբոլին, որպեսզի աֆրիկյան ֆուտբոլը փայլի համաշխարհային ասպարեզում»,- ասել է Ինֆանտինոն Կահիրեում Աֆրիկայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի կոնգրեսում:
Նրա խոսքով, Աշխարհի առաջնությունը երկու տարին մեկ անցկացնելու տարբերակը ավելի շատ հնարավորություններ կստեղծի համաշխարհային ֆուտբոլի էլիտայից դուրս գտնվող երկրների համար։























































