«Ռեալն» ու ՊՍԺ-ն շարունակում են բանակցությունները հարձակվող Կիլիան Մբապեի տրանսֆերի շուրջ: Հարձակվողը ՊՍԺ-ի ղեկավարությանը հավաստիացրել է, որ կոնֆլիկտի չի գնա ու ամբողջ մրցաշրջանը կանցկացնի Փարիզում, եթե տրանսֆերը խափանվի: Այս մասին հայտնում է L’Équipe-ը:
Փարիզյան ակումբի ղեկավարությունը համաձայնել է քննարկել հարձակվողի հնարավոր տեղափոխությունը` մոտ 180 մլն եվրոյի առաջարկ ստանալուց հետո: Անձամբ Մբապեն, ինչպես ավելի վաղ հաղորդվում էր,ցանկանում է տեղափոխվել մադրիդյան ակումբ: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մբապեի` «Ռեալ» տեղափոխությունը գրեթե համաձայնեցված է: Ֆրանսիացին, ըստ լուրերի, արդեն հրաժեշտ է տվել ՊՍԺ-ի իր թիմակիցներին:
Հիշեցնենք` Մբապեի գործող պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը: Կիլիանը 2017 թվականից է հանդես գալիս ֆրանսիական ակումբի կազմում, իսկ մինչ այդ պաշտպանում էր «Մոնակոյի» գույները:
Ֆրանսիայի առաջնության նախորդ մրցաշրջանում Մբապեն 31 հանդիպման է մասնակցել, դարձել է 27 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: Նա նաև 10 հանդիպման է մասնակցել Չեմպիոնների լիգայում: Եվրոպայի առաջնությունում Մբապեն 4 հանդիպման է մասնակցել Ֆրանսիայի հավաքականի կազմում և դարձել է մեկ գոլային փոխանցման հեղինակ: