«Չելսին» երկարաձգեց պայմանագիրը կիսապաշտպան Տյեմուե Բակայոկոյի հետ։ Այս մասին հայտնում է իտալացի լրագրող Ջանլուկի Դի Մարցիոն։
Աղբյուրի փոխանցմամբ, լոնդոնյան ակումբը ակտիվացրել է պայմանագրի երկարաձգման կետը։ Գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է 2023 թվականի ամռանը։ Վերջին անգամ Բակայոկոն լոնդոնցիների կազմում խաղադաշտ է դուրս եկել 2018 թվականի ամռանը։
Իտալական «Միլանի» ղեկավարությունն այսօր հերթական հանդիպումն է ունեցել Բակայոկոյի հետ՝ հնարավոր տրանսֆերի պայմանները քննարկելու համար։ Հիմա իտալացիները պետք է համաձայնության գան «Չելսիի» հետ՝ գործարքի մանրամասների վերաբերյալ։
Հիշեցնենք՝ Բակայոկոն 2018/2019 մրցաշրջանը վարձակալությամբ անցկացրել է «Միլանում»։ Այն ժամանակ նա ակումբի կազմում բոլոր մրցաշարերում 42 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Դրանից հետո նա մեկական մրցաշրջան վարձակալությամբ անցկացրել է նաև «Մոնակոյում» և «Նապոլիում»։