Աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլի առաջին տուրում այսօր՝ մարտի 24-ին, մի շարք հանդիպումներ են կայացել:
Աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիայի հավաքականը Փարիզի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում ընդունել է Ուկրաինայի ազգային ընտրանուն ու ոչ-ոքի՝ 1-1 հաշվով ավարտել հանդիպումը:
Հանդիպման հաշիվը 19-րդ րոպեին բացել է Անտուան Գրիզմանը, իսկ 57-րդ րոպեին հաշիվը հավասարվել է ֆրանսիացիների պաշտպան Պրեսնել Կիմպեմբեի ինքնագոլի արդյունքում:
Այս հանդիպումից հետո Ուկրաինան և Ֆրանսիան՝ մեկական միավոր վաստակելով, հանգրվանել են D խմբի մրցաշարային աղյուսակի երրորդ և չորրորդ հորիզոնականները: Այս խմբում ընդգրկված մյուս թիմերի՝ Ֆինլանդիայի և Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականների միջև խաղում ևս ոչ-ոքի արդյունք գրանցվեց, բայց 2-2 հաշվով:
Այսօր կայացան նաև A խմբի հանդիպումները: Պորտուգալիայի ընտրանին Թուրինում մրցեց Ադրբեջանի հետ ու նվազագույն հաշվով հաղթանակ տարավ՝ Մաքսիմ Մեդվեդևի՝ 37-րդ րոպեին գրանցած ինքնագոլի շնորհիվ:
Խմբի մյուս խաղում Սերբիայի հավաքականը սեփական հարկի տակ ընդունեց Իռլանդիային և 3-2 հաշվով հաղթանակ տարավ գոլառատ խաղում:
Առաջին տուրից հետո Սերբիան գլխավորում է A խմբի մրցաշարային աղյուսակը, Պորտուգալիան երկրորդն է, իսկ Լյուքսեմբուրգը, Իռլանդիան և Ադրբեջանը՝ համապատասխանաբար 3-րդ, 4-րդ, և 5-րդ հորիզոնականներն են զբաղեցնում՝ չունենալով ոչ մի միավոր: