«Յուվենտուսի» 36-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն երկրպագուների վարկածով ճանաչվել է թուրինյան ակումբի՝ փետրվարի լավագույն ֆուտբոլիստը: Այս մասին հայտնում է «Յուվենտուսի» պաշտոնական կայքը: Պորտուգալացին մրցանակը կստանա այսօր՝ մարտի 6-ին, Ա Սերիայի 26-րդ տուրի՝ «Լացիոյի» հետ խաղից առաջ: Հանդիպումը կմեկնարկը ժամը 23:45-ին:
Փետրվարին Ռոնալդուն բոլոր մրցաշարերում 7 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 6 գոլի հեղինակ: Պորտուգալացի հարձակվողը դարձել է առաջինը, որը ավելի քան 20 գոլ է հեղինակել վերջին 12 մրցաշրջաններից յուրաքանչյուրում՝ եվրոպական թոփ-5 լիգաներում:
Իտալիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Ռոնալդուն 21 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 20 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: Ընդհանուր առմամբ նա ընթացիկ մրցաշրջանում 30 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 27 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: