Լրագրող Մարսելո Բեհլերը թվիթերում հայտնել է, որ «Մանչեսթեր Սիթին» արդեն սկսել է նախապատրաստվել արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի շնորհանդեսին:
Ըստ նրա, «քաղաքաբնակները» արդեն սկսել են 33-ամյա արգենտինացու տեղափոխության հետ կապված տեսահոլովակներ պատրաստել, որոնք կներկայացվեն ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելուց հետո:
Ավելի վաղ Sport.es-ը հայտնել էր, որ «Մանչեսթեր Սիթին»5 տարվա պայմանագիր կառաջարկի Մեսսիին, ըստ որի, նա տարեկան կստանա 50 մլն եվրո աշխատավարձ և ևս 50 մլն եվրո տարեկան կվաստակի բոնուսների տեսքով: Արդյունքում Մեսսին 5 տարվա ընթացքում կվաստակի 500 մլն եվրո: Լեոյին առաջարկվում է երեք տարի խաղալ մանչեսթերյան ակումբում, ապա երկու տարի ՝ «Նյու Յորք Սիթիիում»:
Իր հերթին, The Mirror-ը հայտնել էր, որ կատալոնացիները պատրաստ են բաժանվել արգենտինացուց 280 միլիոն եվրոյի դիմաց: Կատալոնացիները պատրաստ են նաև դիտարկել 33-ամյա ֆուտբոլիստին «Սիթիի» խաղացողների հետ փոխանակելու տարբերակը՝ հավելավճարով: Ավելի վաղ հաղորդվում էր, որ «քաղաքաբնակները» պատրաստ են գործարքի մեջ ներառել պաշտպան Էրիկ Գարսիային, կիսապաշտպան Բերնարդո Սիլվային և հարձակվող Գաբրիել Ժեզուսին:
Հիշեցնենք, որ այս շաբաթվա սկզբին Մեսսին տեղեկացրել էր «Բարսելոնայի» ղեկավարությանը ակումբից հեռանալու մտադրության մասին: Հարձակվողին, բացի «Մանչեսթեր Սիթիից», հավակնում են նաև «Մանչեսթեր Յունայթեդը», «Ինտերը», «Յուվենտուսը» եւ ՊՍԺ-ն: